«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մազապուրծ

Մազապուրծ
25.05.2012 | 23:05

Բոլորս գիտենք, որ «մազապուրծ» նշանակում է «հազիվհազ պրծած, մի կերպ փորձանքից, աղետից պրծած, ազատված»: Իսկ ինչպե՞ս է առաջացել այս բառը, ի՞նչ արմատներից է կազմված: Առաջին հայացքից թվում է, թե կազմված է «մազ» և «պրծնել» բառերից: Բայց կա «մազապուրծ» բառի ավելի հին և ընտիր՝ «մազապուր» ձևը: Այստեղ արդեն երկրորդ արմատի՝ «ապուր»-ի հարցն այնքան էլ պարզ չէ: Պարզվում է, որ «ապուր»-ը «ապրել» բառի արմատն է և նշանակում է «կերակուր կյանքի, ապրելու համար»: Իսկ ապրել, որքան էլ այսօր զարմանալի թվա, նշանակել է «ճողոպրել, ազատվել, փրկվել, ողջ մնալ»: Այսօր ապրել նշանակում է «կյանք ունենալ, կենդանի լինել, կյանք վարել, լինել, գոյություն ունենալ»: Այսինքն՝ ապրել սկզբնապես նշանակել է «գոյության համար ուտելիք ունենալ, կերակուր ձեռք բերելով փրկվել, ողջ մնալ»:
Այսինքն՝ մի բան ճարեցիր, կերար, նշանակում է՝ ապրեցիր: Հետագայում է, որ ապրելու մեջ մարդիկ վսեմ գաղափարներ են դրել: Սրանից է «ապրանք»-ը, որ նշանակել է «ապրուստ, փրկություն, կյանք, կենսակերպ»: Ըստ Աճառյանի՝ «ապուր»-ից ա-ի անկումով ստացվել է «պուր», և ծ-ի ավելացումով՝ «պուրծ», որից՝ պրծնել=ճողոպրել, խույս տալ, ազատվել: Այսինքն՝ «ապրել» և «պրծնել» բառերը ինչ-որ տեղ նույնացել են: Այսպես կարելի է բացատրել «մազապուր» և «մազապուրծ» զուգահեռ ձևերի գոյությունը: Փաստորեն, «մազապուր» բառը կազմվել է «մազ» և «ապուր» ¥«ապրել» բառի արմատը¤ բաղադրիչներից. չիմանալով այդ, կապել են «պրծնել» բառի հետ և դարձրել մազապուրծ:
Իսկ ի՞նչ գործ ունի այստեղ «մազ» բառը: Ինչպես գիտենք, մազը «թելի նման շատ բարակ, նուրբ եղջերային գոյացություն է»: Մազի շատ բարակ, նուրբ լինելը, գրեթե հաստություն չունենալու հատկանիշը փոխաբերական առումներով գործածվել են ծայրահեղ իրավիճակներ պատկերավոր նկարագրելիս:
Այսպես՝ «մազից կախված լինել» դարձվածը նշանակում է «խիստ վտանգավոր, օրհասական վիճակի մեջ գտնվել»: Սա այն դեպքն է, երբ դարձվածային կապակցության բաղադրիչները պահպանում են իրենց իմաստային ինքնուրույնությունը, այսինքն՝ եթե մազից կախված լինելը դիտենք որպես սովորական բառակապակցություն ¥ոչ փոխաբերական իմաստով¤, ապա իսկապես շատ դժվար է այն մարդու վիճակը, որն անդնդի վրա կախված է ընդամենը մազից: Նույնն է «մազի չափ» դարձվածի դեպքում, որը նշանակում է «շատ քիչ, աննշան, չնչին չափով», և նույնիսկ՝ «բոլորովին, բնավ, մազաչափ չեմ կասկածում»: «Մազ մնալ»՝ «քիչ էր մնում, քիչ բան էր պակասում». օրինակ, «Մազ էր մնացել, որ դանակը դիպչեր զինվորի սրտին»:
Հնարավոր է, որ այս դարձվածները գալիս են ժողովրդական շատ հին հավատալիքներից: Այսպես. «մազե կամուրջ» նշանակում է «վտանգավոր փորձություն, դժվարանցանելի տեղ, դժվար հաղթահարելի խոչընդոտ»: Մազե կամուրջը մազի նման բարակ այն կամուրջն է, որով վերջին դատաստանի օրը հոգիները պետք է անցնեն: Արդար հոգիները հեշտորեն կանցնեն այդ կամրջով և կգնան արքայություն, իսկ մեղավոր հոգիները ցած կընկնեն դժոխք: Այնպես որ, «մազից պրծնել» դարձվածը կարող է ծագած լինել նաև «մազե կամրջից պրծնել» արտահայտությունից, քանի որ մազից պրծնել նշանակում է «մեծ վտանգից հազիվհազ ազատվել, մազապուրծ լինել»:
Ինչպես տեսնում ենք, «մազապուր» և «մազապուրծ» բառերը նույն բանն են նշանակում, կարևորը մազե կամրջից անցնելն է, այսինքն՝ արդար հոգի լինելը:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6087

Մեկնաբանություններ